Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Այս անգամ էլ՝ «Բարսելոնը»

Այս անգամ էլ՝ «Բարսելոնը»
11.04.2017 | 12:05

Որքան մոտենում է եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնությունների ավարտը, այնքան կրքերն ավելի են թեժանում, դիմակայությունները ելքի առումով դառնում են անկանխատեսելի, ու տուր չկա, որում առնվազն մեկ մրցակցություն անակնկալ չմատուցի: Երկու տուր առաջ «Չելսին» էր իր պարտությամբ, հաջորդ տուրում անսպասելի սայթաքողը «Բավարիան» էր, հիմա էլ, այս վերջինում, «Բարսելոնը», այն էլ այն դեպքում, երբ «Ռեալի» հետ ոսկու համար պայքարում սարսափելի մրցակցություն է ծավալվել, ու ամեն մի կորցրած միավոր կարող է ջուրը գցել մի ամբողջ տարվա աշխատանք:

ԻՍՊԱՆԻԱ
Կատալոնցիներին հանկարծակիի բերողը եղավ «Մալագան»՝ սեփական հարկի տակ դառնալով հյուրընկալության բոլոր կանոններն օրենքից դուրս հռչակածը՝ 2:0: Սա այնպիսի նվեր էր «Ռեալին», որի մասին միայն կարելի է երազել: Սակայն, հավանաբար, «արքայականի» ուրախությունն այնքան մեծ էր, որ չկարողացավ իրեն ամբողջությամբ դրսևորել «Աթլետիկոյի» հետ դիմակայությունում, թեպետ վերջին շրջանում Դիեգո Սիմեոնեի սաներն այնպիսի փայլուն մարզավիճակ են ձեռք բերել, որ նրանցից միավոր պոկելն էլ է դարձել հերոսություն: Հանդիպումն ավարտվել է 1:1: Արդյունքում 72 միավոր ունեցող «արքայականն» արդեն երեք նիշով է առաջ «Բարսելոնից»՝ չհաշված ակտիվում ունեցած բաց թողած խաղը:
Վերջին տուրերի անհաջողություններից վերջապես սթափվեց «Սևիլիան», որի մեդալային հավակնությունները դեռ մի քանի տուր առաջ ոչ մեկի մեջ կասկած չէին հարուցում, քանի որ միավորների զգալի պաշարով առաջ էր մերձակա հետապնդողներից: Ինչևէ: «Դեպորտիվոյի» նկատմամբ անդալուզցիների հաղթանակը տպավորիչ էր թե՛ հաշվի (4:2), թե՛ խաղի որակի առումով: «Աթլետիկոյից» նրանք արդեն հետ են մնում ընդամենը մեկ միավորով, իսկ դա բրոնզե մեդալների համար պայքարին հաղորդում է լրացուցիչ լարված բնույթ: «Աթլետիկոն» ունի 62 միավոր:
Եվրագոտում են Բիլբաոյի «Աթլետիկին» սեփական հարկի տակ 3:1 հաշվով պարտության մատնած «Վիլյառեալն» ու արտագնայում «Սելտային» պարտության մատնած «Էյբարը» (2:0):

ԳԵՐՄԱՆԻԱ
Բունդեսլիգայում հերթական անակնկալ մատուցողը դարձավ սեփական հարկի տակ «Հոֆենհայմին» պարտության մատնած «Համբուրգը»՝ 2:1, սակայն դա մրցաշարային աղյուսակում հյուրերի տեղի վրա ոչնչով չանդրադարձավ, քանի որ վերջիններիս հետապնդող Դորտմունդի «Բորուսիան» չափազանց ծանր հանդիպում անցկացրեց «Բավարիայի» հետ՝ մյունխենցիներին սկզբունքային մրցավեճում զիջելով բավական «անպարկեշտ» հաշվով (1:4): Այնպես որ, «Հոֆենհայմն» ու «Բորուսիան» մնացին ունեցած 51 ու 50 միավորով: Փոխարենը տուրը հաջող եղավ արծաթե մեդալների ռեալ հավակնորդ «Լայպցիգի» համար, որը հավելյալ ժամանակում կարողացավ վերջապես խոցել «Բայերի» դարպասն ու վաստակել երեք միավոր:
«Բավարիան» ունի 68, «Լայպցիգը»՝ 58 միավոր: Եվրագոտում են «Աուգսբուրգին» 2:0 հաշվով հաղթած «Հերտան» ու «Մայնցին» նվազագույն հաշվով պարտության մատնած «Ֆրայբուրգը»:

ԱՆԳԼԻԱ
Հաղթական մրցելույթների գրաֆիկին վերադարձած «Չելսին» արտագնայում 3:1 հաշվով պարտության մատնեց «Բոռնմուտին»՝ միավորների թիվը հասցնելով 75-ի:
Մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը շարունակում է ամուր պահել «Տոտենհեմը»: Այս անգամ պարտության խաչը նրանից ընդունողն «ՈՒոտֆորդն» էր՝ 4:0:
Նրանից ընդամենը մեկ նիշով ներքևում գտնվող «Լիվերպուլը» ծանր հանդիպում ունեցավ «Ստոկ Սիթիի» հետ, սակայն, ի պատիվ Յուրգեն Կլոպի սաների, նրանք ոչ միայն կարողացան հավասարեցնել հաշիվը, այլև անցնել առաջ՝ 2:1:
Տուրում կարողացան երեքական միավոր վաստակել նաև մանչեստրյան երկու ակումբները: «Սիթին» սեփական հարկի տակ պարտության մատնեց «Հալ Սիթիին» (3:1), «Յունայթեդը»՝ «Սանդրլենդին» (3:0): Ի դեպ, գոլի հեղինակ է դարձել Հենրիխ Մխիթարյանը, որը վերջերս կրկին հայտնվել էր Ժոզե Մոուրինյոյի քննադատության թիրախի տակ:
«Յունայթեդը« 57 միավորով տեղափոխվեց հինգերորդ հորիզոնական՝ այնտեղից դուրս մղելով «Արսենալին», որը, սակայն, տուրի իր հանդիպումը դեռ չի անցկացրել:
«Տոտենհեմն» ունի 68, «Լիվերպուլը»՝ 63 միավոր: Միջանկյալ նշենք, որ «Մանչեստր Սիթին» երկու նիշով է հետ Կլոպի գլխավորած թիմից:


ԻՏԱԼԻԱ
Սկուդետեի առաջին եռյակում դասավորությունն այնպիսին է, որ մի տուրում ունեցած ձախողումով այստեղ ոչինչ չի փոխվի: Առաջնության անվիճելի առաջատարը տարավ հերթական հաղթանակը. սկզբունքորեն «Կիևոն» «ծեր սինյորայի» համար պրոբլեմներ չպիտի էլ ստեղծեր, եթե նկատի ունենանք կողմերի քաշային անհավասարությունը: Մի խոսքով, «Յուվեին» լրիվ բավարարել է խփած երկու գոլը:
«Բոլոնիայի» հետ արտագնա մրցավեճում սեփական դարպասը կարողացել է անառիկ պահել նաև «Ռոման», սակայն, ի տարբերություն «ծեր սինյորայի», իտալացի «գայլերը» մրցակցի դարպասը գրավել են երեք անգամ:
Չնայած «Յուվեի» ու «Ռոմայի» ունեցած հեղինակությանը, քաշին ու կշռին, այնուամենայնիվ, իտալական առաջնության հերթական տուրի թիվ մեկ հանդիպումը մրցաշարային աղյուսակում մերձ հարևանությամբ գտնվող «Լացիոյի» ու «Նապոլիի» մրցավեճն էր, թեպետ այն ոչնչով չէր կարող ազդել նրանց ունեցած դիրքի վրա: Սկզբունքային այդ մրցավեճում հաղթանակ է տոնել «Նապոլին»՝ 3:0:

ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնի առաջին երեք հորիզոնականներում գտնվող բոլոր թիմերն էլ ունեցել են հաղթական հանդիպումներ: «Մոնակոն» արտագնայում նվազագույն հաշվով առավելության է հասել «Անժի» նկատմամբ, հյուրընկալվելիս «Նիցցան» 2:1 հաշվով պարտության է մատնել «Լիլին», իսկ «Պարի Սեն Ժերմենը» սեփական հարկի տակ երեք միավոր է վաստակել «Գենգամից»՝ 4:0:
«Մոնակոն» ունի 74, «Պարի Սեն Ժերմենը»՝ 73, «Նիցցան»՝ 70 միավոր: Եվրագոտում գտնվող «Լիոնի» միավորները 54-ն են: Ի դեպ, ակումբը 1:4 հաշվով զիջել է «Լորիանին»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1139

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ